National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.05.2015
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
1 / 11

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ:

Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ: Առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ վավերացրել է նախորդ քառօրյա նիստերում քննարկված՝ ՀՀ Նախագահի ներկայացրած ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ 2014թ. դեկտեմբերի 24–ին Երեւանում ստորագրված «ՀՀ եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ», 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին», 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ hայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրերը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի երրորդ ընթերցմամբ քննարկումը երկրորդ ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում քննարկելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նախագծով նախատեսվում է 13 տոկոս եկամտային հարկի դրույքաչափ սահմանել այն աշխատողների նկատմամբ, ովքեր իրենց գործատուների հետ կնքած աշխատանքային պայմանագրերով աշխատելու են բացառապես Հայաստանից դուրս: Վերոնշյալը շինարարական աշխատանքներին է վերաբերում:

Փոխնախարարի խոսքով՝ փաթեթի նպատակն է խթանել շինարարական ծառայությունների արտահանումը Հայաստանից՞

Այն գործատուները, ովքեր կունենան նման պայմանագրեր, եւ դրանք հավանություն կարժանանան ՀՀ կառավարության կողմից, նրանց համար շահութահարկի դրույքաչափը կսահմանվի 5 տոկոս:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ հանձնաժողովը քննարկել է փաթեթը եւ գաղափարն ընդունվել է բոլորի կողմից: Սակայն դեռեւս կան մտահոգություններ, որոնք, ըստ Միքայել Մելքումյանի, քննարկման կարիք ունեն:

Հիմնական եւ հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Հովհաննես Մարգարյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու առաջարկները եւ նշել, որ չկա վիճակագրություն արտագնա աշխատանքով զբաղվողների վերաբերյալ: Մհեր Շահգելդյանն անհրաժեշտ է համարել ուսումնասիրել այս ոլորտում այլ երկրների փորձը: Ըստ նրա, այս փաթեթի ընդունումը կխթանի արտագաղթը: Հրանտ Բագրատյանը քննադատել է իրականացվող հարկային քաղաքականությունը եւ նկատել, որ նախագծով տարբերակում է մտցվում հարկատուների միջեւ՝ կախված նրանց աշխատավայրից, ինչն անընդունելի մոտեցում է տնտեսագիտության տեսանկյունից: Արծվիկ Մինասյանի կարծիքով, ոլորտը կարգավորման կարիք ունի, սակայն պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ դրսում աշխատող քաղաքացին եւս պաշտպանված լինի: Արծվիկ Մինասյանի խոսքով, քննարկվող նախագծով խնդրի մի մասն է լուծվում: Հեղինե Բիշարյանը եւս խոսել է քաղաքացիների պաշտպանությունից, կարծիք հայտնել, որ նախագիծը լրամշակման եւ օրենսդրական այլ փաթեթով համալրվելու կարիք ունի: Արամ Մանուկյանը նախագիծը հեղափոխական համարելով հարկային վարչարարության ոլորտում, նկատել է, որ այն կարող է նպաստել արտագաղթին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է ետ վերցնել օրենսդրական նախաձեռնությունը եւ, հաշվի առնելով պատգամավորների հնչեցրած դիտողությունները՝ լրամշակել այն:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, նշել է, որ քննարկումների արդյունքում հասկանալի չի դառնում, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ օրենսդրական առաջարկի ընդունումը մեր տնտեսության վրա: Նրա գնահատմամբ՝ կառավարությունը պետք է տեղական արտադրողին խրախուսելու համար քայլեր իրականացնի, որը ՀՀ քաղաքացուն, լավ մասնագետին հնարավորություն կտա ապրել եւ արարել հայրենիքում, ոչ թե արտերկրում: Դեմ լինելով օրինագծերի փաթեթի ընդունմանը՝ տիկին Բիշարյանը հորդորել է կառավարությանն առավել լուրջ ծրագրեր կյանքի կոչել:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ առաջարկվում է մոդել, որը ՀՀ քաղաքացիներին թույլ կտա օգտվելու օրենքով նախատեսված հնարավորություններից, իսկ կազմակերպություններին՝ օրինականացնելու իրենց գործունեությունը: Դրական համարելով օրենսդրական փաթեթը՝ պարոն Մինասյանը նշել է, որ կառավարության առաջարկը միտված է հիմնական խնդրի լուծմանը, սակայն այն խնդրին ամբողջական լուծում չտվող նախաձեռնություն է: Ամենայն հավանականությամբ՝ ՀՅԴ խմբակցությունը դեմ չի քվեարկի:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է օրենսդրական փաթեթի ընթացակարգային եւ բովանդակային խնդիրներին, ներկայացրել բացթողումները: Նա տեղեկացրել է, որ իրենք մերժում են այս օրենսդրական փաթեթը եւ դեմ են կառավարության՝ օրինագծերը հապշտապ քննարկելու գործելաոճին: Նա կարեւորել է օրինագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները հանձնաժողովներում: ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ պետք է հստակեցվի, թե ինչ շրջանառության մասին է խոսքը, ինչ է շահելու պետական բյուջեն օրինագծերի փաթեթի ընդունումից, ինչ ռիսկեր կան: Նա կարեւորել է բացատրական աշխատանքը արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների հետ՝ պարզաբանելու, թե որքանով է նրանց առնչվում այս օրենսդրական փոփոխությունը: Նա հորդորել է կառավարությանը շինարարության ոլորտի դինամիկան եւ տրանսֆերտների կառուցվածքը հասկանալու համար ներկայացնել տեղեկատվություն: ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու:

Վարդան Այվազյանը ներկայացրել է ՀՀԿ խմբակցության տեսակետը: Նա ցավով է արձանագրել, որ որոշ պատգամավորներ խեղաթյուրում են օրենսդրական փաթեթի իմաստը: Պարոն Այվազյանն ընդգծել է, որ օրենսդրական առաջարկը չի վերաբերում արտագնա աշխատանքի մեկնողներին, նրանց իրավունքների սահմանափակման խնդիր չկա: Հարկային այն գործակալը, որը կազմակերպում է ՀՀ քաղաքացիների արտագնա աշխատանքը, Հայաստանում պետք է մուծի եկամտահարկ: Անդրադառնալով տարանցիկ երկիր դառնալուն վերաբերող մտահոգություններին՝ պարոն Այվազյանը կարծիք է հայտնել, որ եթե երկիրը շանսեր ունի, ապա պետք է խելամտորեն օգտագործի դրանք: ՀՀԿ ներկայացուցչի խոսքով՝ լավ օրենսդրական փաթեթ է, որին ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին եւ առաջարկներին:

Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Կառավարությունն առաջարկում է պարտադիր դրոշմավորման ենթակա բոլոր ապրանքները դրոշմավորելու հնարավորություն ընձեռել նաեւ այդ ապրանքներն արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին: Առաջարկվում է նաեւ վիտամինները, պատվաստանյութերը, դեղերն ու օծանելիքը երկրորդային շուկայում առանց դրոշմավորման իրացնելու թույլատրելի ժամկետը 2015 թ. ապրիլի 30-ի փոխարեն սահմանել մինչեւ 2015 թ. հունիսի 1-ը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի մայիսի 6-ի նիստում:


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am